Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Չնայած պատերազմը սկսել է ընդամենը ժամեր առաջ, և, ժանրի կանոնների համաձայն, տեղեկատվության պակաս կա, այդուամենայնիվ մի կարևոր եզրակացություն կարելի է արդեն անել: Սա ինչ-որ տակտիկական օպերացիա չէ, սրացում չէ, նույնիսկ մինի-պատերազմ չէ, այլ երկար մտածված և ծրագրված լայնամասշտաբ պատերազմ է, որն իր լրջությամբ և մասշտաբներով անհամեմատ ավելի մեծ է ապրիլյանից:
Սա գրում եմ բնավ ոչ խուճապ տարածելու, այլ պարզապես իրավիճակը հասկանալու և սթափ գնահատելու համար:
Նման պատերազմների ժամանակ խոշոր կորուստներն, ինչքան էլ դա ցավալի հնչի, բայց անխուսափելի են: Ուղղակի չի կարելի ոչ մի ակնթարթ մոռանալ, որ, ինչքան էլ ծանր լինի, ինչքան էլ ցավոտ լինեն կորուստները, խնդրի միակ լուծումը հաղթանակն է:
Երբեք և ոչ մի իրավիճակում պայքարից հրաժարվելը չի թեթևացնում հոգսերը և չի հեշտացնում խնդիրները: Սա տարրական ճշմարտություն է, որը մարդ արարածը հակված է մոռանալ դժվարին պահերին: Մենք դրա իրավունքը չունենք:
Ուստի, անկախ ամեն ինչից, մինչև հաղթական ավարտ կանգնում ենք բանակի կողքին՝ աջակցելով գործով, խոսքով, երբեմն նաև՝ լռությամբ:
Հ. Գ. Հայաստանում գտնվող ընկերներիս կխնդրեմ, հակացուցումների բացակայության դեպքում, արյուն հանձնել արյան բանկի մոտակա կառույցում: Չնայած այս պահին արյան պակաս չկա, սակայն պետք է պատրաստ լինել ամեն ինչի և բավական պաշարներ ունենալ: Սա շատ կարևոր և օգտակար աջակցություն կլինի: